17 Ապրիլի 2008, 412 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1509-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրական գործունեության, ներդրումների համար բարենպաստ ու զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագրի ձևավորման և այն միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմ նկարահանելու և միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով հեռարձակելու համար`
1) ապահովել «Բազզ Բիզնես» կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` սույն որոշման հավելվածով նախատեսված հիմնական պայմաններով, պայմանագիրը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ.
2) ֆիլմի սցենարը և բովանդակությունը ձևավորելիս` համագործակցել շահագրգիռ նախարարությունների ու կազմակերպությունների հետ.
3) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի գնի 25 տոկոսի վճարումը 2009 թվականին ապահովելու նպատակով անհրաժեշտ գումարը նախատեսել 2009 թվականի բյուջետային հայտով:
2. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել`
1) 168750,0 եվրոյին համարժեք դրամ (այդ թվում` 112500,0 եվրոյին համարժեք դրամը` 2008 թվականի առաջին կիսամյակում` որպես կանխավճար, ինն ամսում` 112500,0 եվրոյին համարժեք դրամ, և 168750,0 եվրոյին համարժեք դրամը` տարեկան)` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի գնի 75 տոկոսը «Բազզ Բիզնես» կազմակերպությանը վճարելու, և`
2) 11770,0 հազ. դրամ (այդ թվում` 11770,0 հազ. դրամը` ինն ամսում, և 11770,0 հազ. դրամը` տարեկան)` նկարահանող խմբերի և նրանց ուղեկցող անձանց կեցության, սննդի, Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային ու զբոսավարների և ուղեկցորդների ծառայություններով ապահովումը «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` նկարահանումների արդյունավետությունն ապահովելու նպատակով անվճար տրամադրել ուղղաթիռ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմի նկարահանումն ու միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով հեռարձակումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1509-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը: