29 Հոկտեմբերի 2004, 1509 - Ն
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ՛ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1337-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004 թվականի մարտի 22-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրվելիք «KUBOTA M5700» մակնիշի 39 միավոր տրակտորը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով, իրացնել աճուրդային եղանակով:
2. Սահմանել գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը` 4000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։
3. Սահմանել, որ`
ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.
գ) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
դ) առաջիկա 5 տարվա ընթացքում աճուրդով գնված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և աճուրդային վաճառքի գների տարբերությունը՝ հանած շահագործման յուրաքանչյուր տարվա բնականոն մաշվածության գումարը՝ սահմանված նորմատիվային չափին համապատասխան.
ե) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը հատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պահառության պայմանագիրը` նրա միջոցով ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումն ու պահպանումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր.
բ) ապրանքի ստացման, մաքսային ձևակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի.
գ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով իրացման կարգը:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: