20 Մարտի 2008, 294 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 682 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պետական միջոցների հաշվին բնակարաններով ապահովվում են մինչև 2008 թվականի մարտի 1-ը բնակելի տների տեխնիկական վիճակի մասին տրված եզրակացությունների համաձայն քանդման ենթակա, ինչպես նաև տեխնիկական կամ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ամրացման ոչ ենթակա բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակարաններում հաշվառված և փաստացի բնակվող վարձակալները, բնակելի տների բնակարանների սեփականատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից հաշվառված փախստականները և նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումների կամ դատարանի` սահմանված կարգով ուժի մեջ մտած վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը անձնագրային հաշվառումներ ունեցող և փաստացի բնակվող, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բնակիչները:
Ընդ որում, ամրացման ոչ ենթակա բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման տարեկան ծրագիրը ներկայացվում է սույն որոշման 5-րդ կետով սահմանված կարգով:».
2) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «վարձակալության» բառը փոխարինել «հատկացման» բառով, իսկ «դրամական աջակցության» բառերը` «ֆինանսական աջակցության» բառերով.
3) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը «սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող» բառերով, իսկ «սկսած 2000 թվականի հոկտեմբերի 25-ից Երևան քաղաքում չեն օտարել բնակելի տուն (բնակարան)» բառերը փոխարինել «վերջին հինգ տարվա ընթացքում չեն օտարել բնակելի տուն (բնակարան)` բացառությամբ այն դեպքերի, երբ օտարված բաժնեմասը չի գերազանցել բնակելի տան (բնակարանի) ընդհանուր մակերեսի մեկ քառորդը,» բառերով.
4) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները բնակարանի հատկացման միջոցով լուծելու ժամանակ շենքերի կառուցվածքում 4 և 5-սենյականոց բնակարանների բացակայության դեպքում 4-սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին հատկացվում են 1 և 2-սենյականոց բնակարաններ, իսկ 5-սենյականոց բնակարան ստանալուն հավակնողին` 1 և 3-սենյականոց կամ երկու հատ 2-սենյականոց բնակարաններ».
5) որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը «ոչ ենթակա վթարային» բառերից հետո լրացնել «տեխնիկական կամ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ամրացման ոչ ենթակա» բառերով.
6) որոշման 7-րդ կետից հանել «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող» բառերը.
7) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
«8. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` տարեկան ծրագրերում ընդգրկված` քանդման ենթակա բնակելի տների բնակեցումից ազատված բնակարանների, ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքների ավարտման մասին տեղեկատվությունը և սահմանված կարգով տրված քանդման թույլտվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանումներ` բնակեցումից ազատված բնակարանների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման սահմանափակումները կիրառելու և քանդված բնակելի տների բնակարանների նկատմամբ նախկինում կատարված իրավունքների պետական գրանցումները դադարեցնելու նպատակով։».
8) որոշման 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման կարգի`
ա. 2-րդ կետում «մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քանդման ենթակա վթարային պետական կամ համայնքային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված» բառերով, և «սահմանված կարգով ուժի մեջ մտած դատարանի վճիռների հիման վրա բնակվող,» բառերից հետո կարգը լրացնել «ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող» բառերով,
բ. 3-րդ կետը «ձեռք բերելու համար» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն» բառերով,
գ. 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) վարձակալներին` բնակարանի հատկացման կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան»,
դ. 3-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) վթարային բնակարաններում` նախկին գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետի, Երևանի թաղային համայնքների ղեկավարների որոշումների կամ դատարանի` սահմանված կարգով ուժի մեջ մտած վճիռների հիման վրա բնակվող, ինչպես նաև մինչև 2006 թվականի հոկտեմբերի 12-ը այդ բնակարաններում անձնագրային հաշվառում ունեցող և փաստացի բնակվող բնակիչներին` բնակարանի հատկացման կամ շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ֆինանսական աջակցության տրամադրում` նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակ (1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան) պակաս բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան, բայց ոչ ավելի, քան նրանց ընտանիքներին (անձերի թվով)` սույն ենթակետով սահմանված հասանելիք բնակարանի (սենյակների թվով) չափից:
Նշված անձանց համար հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է`
միևնույն սեռի կամ տարբեր սեռերի երկու անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին` 1-սենյականոց բնակարան.
ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքին` 2-սենյականոց բնակարան.
չորս և հինգ անձից բաղկացած ընտանիքին` 3-սենյականոց բնակարան.
վեց և յոթ անձից բաղկացած ընտանիքին` 4-սենյականոց բնակարան.
ութ և ավելի անձանցից բաղկացած ընտանիքին` 5-սենյականոց բնակարան»,
ե. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն կարգի 3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված անձանց բնակարանային ապահովումը բնակարանների հատկացման միջոցով լուծվելու դեպքում բնակարանները հանձնվում են վարձակալության և կարող են մասնավորեցվել «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Քանդման ենթակա վթարային բնակելի տների ոչ բնակելի տարածքների սեփականատերերին փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։