4 Նոյեմբերի 2004, 1480 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1466-Ա որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված մրցույթի արդյունքները «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը հաղթող ճանաչելու վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը (լիցենզառու) տրամադրել հեռախոսային ծառայությունների մատուցման լիցենզիա՝ համաձայն հավելվածի.
բ) ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` լիցենզառուին ռադիոհաճախություններ տրամադրելու համար.
գ) կազմակերպել քննարկումներ լիցենզառուի և «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության մասնակցությամբ հեռախոսահամարների ընթացիկ ծրագրում լիցենզառուի համար համապատասխան հատված նախատեսելու նպատակով.
դ) ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` լիցենզառուի ցանցը «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության ցանցին փոխկապակցելը կանոնակարգելու համար.
ե) լիցենզառուին տրամադրել կետի միջազգային ազդանշանային կոդ ISPC.
զ) աջակցել լիցենզառուին համապատասխան միջազգային կազմակերպություններում անդամակցության կամ գրանցման հարցերում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ համատեղ ընդունել
«Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ առաջարկությունը և կնքել համապատասխան պայմանագիր, ըստ որի բաժնետերը Հայաստանի Հանրապետությանը կվճարի 2004-2005 թվականներին 1.5 մլն ԱՄՆ-ի դոլար, 2006 թվականի ընթացքում
մեկ մլն ԱՄՆ-ի դոլար, 2007 թվականի ընթացքում 2 մլն ԱՄՆ-ի դոլար, 2008 թվականի ընթացքում 0,5 մլն ԱՄՆ դոլար:
4. Առաջարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ընդունել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ բարեգործական առաջարկությունը և կնքել համապատասխան պայմանագիր, ըստ որի հիմնադրամին կվճարի 2004-2005 թվականներին մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և 2006 թվականի ընթացքում մեկ մլն ԱՄՆ-ի դոլար:
5. Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն ընդունել «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունը ուղղակիորեն կամ փոխկապակցված անձանց միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապի համակարգում 2 տարվա ընթացքում 10 մլն ԱՄՆ-ի դոլար ներդրում կատարելու վերաբերյալ՝ կնքելով համապատասխան ներդրումային պայմանագիր: