Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2008, 145 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ) ՊԱՀԱՌՈՒԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի (բացառությամբ միջազգային պայմանագրերի) (այսուհետ` պայմանագրեր) պահառուի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

2. Սահմանել, որ`

1) պայմանագրերի բնօրինակներն ի պահ են տրվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` որպես պահառուի.

2) պայմանագրերը կնքվում են երեք օրինակից.

3) պայմանագիրը Հայաստանի Հանրապետության անունից կնքած պետական մարմինը պայմանագրի կնքումից հետո 15-օրյա ժամկետում պայմանագրի մեկ բնօրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիր կնքած պետական մարմինները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացնում նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի պատճենները` բացառությամբ օրենքով սահմանված կարգով պետական արխիվ փոխանցված պայմանագրերի.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական մարմնի գրավոր պահանջի դեպքում 15-օրյա ժամկետում տվյալ պետական մարմին է ներկայացնում պահառուի մոտ գտնվող պայմանագրերի պատճենները.

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով իրականացնում է այդ պայմանագրերի հաշվառումը` վարելով միասնական հաշվառման մատյան.

7) հաշվառման մատյանում նշվում են`

ա. պայմանագրի անվանումը, կնքման վայրը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

բ. պայմանագիրն ուժի մեջ մտնելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

գ. տեղեկություններ պայմանագրում կատարված փոփոխությունների և (կամ) լրացումների, պայմանագրի գործողության կասեցման, դադարեցման մասին,

դ. պայմանագրի առարկան,

ե. պայմանագիրն ստորագրած օտարերկրյա անձի գրանցման վայրը և անվանումը,

զ. պայմանագրին առնչվող այլ անհրաժեշտ տեղեկություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: