Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2004, 1448 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Երևանի «Էրեբունի» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության «Էրեբունի» օդանավակայանի համալիրը և վառելիքաքսանյութերի պետական ձեռնարկության Երևանի «Էրեբունի» պետական դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ռազմական օդակայանների (աերոդրոմների) համատեղ օգտագործման կարգը հաստատելու մասին» N 507 որոշման 3-րդ և 4-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում մի շարք միջոցառումներ իրականացնելու մասին» N 459 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։