Կառավարության որոշումներ

22 Փետրվարի 2008, 199 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքի նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2008 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 27421.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգումներ» հոդվածով):

3. Թարգմանչական աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2008 թվականին հատկացնել 74579.0 հազ. դրամ, որից (աճողական)` առաջին եռամսյակում` 6400.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 32900.0 հազ. դրամ, ինն ամսում` 55400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: