28 Փետրվարի 2008, 177 - Ն
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Կոլչեդան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ բանավան համայնքի անշարժ գույքով (այդ թվում` 510 քառ. մետր մակերեսով հանրակացարանի շենքը և 402 քառ. մետր մակերեսով լաբորատորիան),
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող` 792.3 քառ. մետր մակերեսով հանրակացարանի շենքով և դրա զբաղեցրած` 0.12 հեկտար հողատարածքով, 67.3 քառ. մետր մակերեսով պայթուցիկ նյութերի պահեստով և դրա զբաղեցրած` 0.015 հեկտար հողատարածքով, 696.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով աշխատանոցային շինությամբ և փայտյա տնակներով (աշխատանոցային շինություն` 504.8 քառ. մետր և 3 փայտյա տնակներ` ընդամենը` 192 քառ. մետր մակերեսով) և դրանց զբաղեցրած 0.25 հեկտար հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Կոլչեդան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքը և 2-րդ ենթակետում նշված գույքն իր զբաղեցրած հողատարածքով (ընդամենը` 0.3850 հեկտար) ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով դրա միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 28-ին գնահատված` 3101 հազ. դրամ արժեքով) սեփականության իրավունքով հանձնել Կապանի քաղաքային համայնքին` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նշված համայնքի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 28-ին գնահատված` 10578 հազ. դրամ արժեքով)` դրա զբաղեցրած հողատարածքով, սեփականության իրավունքով հանձնել Վայքի քաղաքային համայնքին` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նշված համայնքի միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման- ընդունման աշխատանքների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Վայքի քաղաքապետի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
8. «Կոլչեդան» պետական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Կապան, Լեն-Հանքեր թաղամաս) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերանվանելով «Կոլչեդան» փակ բաժնետիրական ընկերություն»:
9. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հունիսի 28-ին գնահատված արժեքը` 21890 հազ. դրամ.
2) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 21890 հազ. դրամ:
10. Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 162701 հազ. դրամ, այդ թվում`
1) կարճաժամկետ բանկային փոխառություններ` 130520.4 հազ. դրամ.
2) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 15744.9 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 1136.8 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1925.2 հազ. դրամ.
5) պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 8858.3 հազ. դրամ.
6) այլ կրեդիտորական պարտքեր` 4515.3 հազ. դրամ:
11. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մրցույթով մասնավորեցնելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
12. Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
13. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
3) սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1569642 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
15. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
16. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի: