Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2004, 1421 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԻ ՈՐՍԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը բեզոարյան այծի որսի թույլտվություն տալու մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կովկասյան ներկայացուցչության երևանյան գրասենյակին Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 2004 թվականի ընթացքում կատարել 15 գլուխ բեզոարյան այծի (5 արու, 10 էգ) որս` «Բեզոարյան այծի վերականգնումը նրա ապրելավայրի բնական արեալում» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման շրջանակներում Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկում (Վրաստան) վերաբնակեցնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգել սույն որոշման 1-ին կետում նշված բեզոարյան այծի որսի իրականացման աշխատանքները՝ ապահովելով կենդանիների բնական պոպուլիացիաների կենսունակությունը և բնական միջավայրի կայունությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: