Կառավարության որոշումներ

10 Հունվարի 2008, 112 - Ն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 475-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 445 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ու Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրի 1-ին հավելվածի 5-րդ կետին և 6-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության` համաձայն N 1 հավելվածի.

2) ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումն ըստ ենթակայության` համաձայն N 2 հավելվածի.

3) ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումն ըստ ենթակայության` համաձայն N 3 հավելվածի:

2. Ընդունել Հայաստանի Հանրապետության մարզպետների և որոշ համայնքների ղեկավարների առաջարկությունները և սույն որոշման N 2 հավելվածում նշված ընդհանուր oգտագործման հանրապետական նշանակության մարզային և համայնքային ենթակայության ավտոմոբիլային ճանապարհների շահագործման, պահպանության ու դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

3. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` սույն որոշման N 1 հավելվածում նշված միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով և N 2 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության ճանապարհների (ճանապարհահատվածների) մասով` բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող` այդ ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների մասի.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված համապատասխան մարզի ենթակայության մասով:

4. Սահմանել, որ Երևան քաղաքի տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետարանի տնօրինման և կառավարման ներքո:

5. Սահմանել, որ Գյումրի, Վանաձոր, Կապան, Իջևան, Վաղարշապատ (Էջմիածին) և Արմավիր քաղաքների տարածքներում գտնվող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների միայն երթևեկելի մասի ծածկի ընթացիկ նորոգման և ձմեռային պահպանության աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին»

N 475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության և համայնքների սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» N 445 որոշումները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: