14 Հոկտեմբերի 2004, 1399 - Ն
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հոկտեմբերի 18-ի «2004 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» N ՆՀ-180-Ն հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տեղական) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
ա) 2004 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը.
բ) համագործակցելով ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների հետ` իրականացնել զորակոչից խուսափող և Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և վերադարձը` 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին՝
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
բ) իրենց իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝
ա) 2004 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմերով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորի սահմաններում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
ա) հաստատել Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` անհրաժեշտության դեպքում դրանք համալրելով համապատասխան բժիշկ-մասնագետներով.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերը և ֆլյուորո (ռենտգեն) ժապավենները:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան՝ ըստ զինվորական կոմիսարիատների ներկայացրած հայտերի:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: