Կառավարության որոշումներ

17 Հունվարի 2008, 89 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1777-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգով կանոնակարգվում են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oդանավերի (անկախ միջադեպի կամ պատահարի կատարման վայրից) և Հայաստանի Հանրապետության տարածքում oտարերկրյա պետությունների քաղաքացիական oդանավերի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարների ու միջադեպերի քննությունների վարման և հաշվառման կարգը, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ երաշխավորությունների ու միջոցառումների մշակումները.

2) այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է օդանավ շահագործողի պետություն կամ օդանավ շահագործողի ծածկագրերի համատեղ օգտագործման, կամ մեկից ավելի պետությունների օդանավ շահագործողների համատեղ գործունեություն իրականացնելու պայմանագրի կողմ հանդիսացող ընկերության պետություն, կամ երբ հետաքննությունն անցկացնող պետության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը, համաձայն կոնվենցիայի N 13 հավելվածի, տրամադրում է տեղեկություններ, սարքավորումներ կամ փորձագետների, կամ տրամադրում է ավիացիոն իրադարձության վայրում հետաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ օպերատիվ բազա, կամ մասնակցում է որոնողական-փրկարարական կամ բեկորների դուրսբերման գործողություններին:».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի հետ ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպի դեպքում, երբ իրադարձության վայրի պետությունը մտադիր չէ հետաքննություն անցկացնել, կամ եթե այն չի հանդիսանում պայմանավորվող պետություն, կամ եթե այն տեղի է ունեցել որևէ պետության սահմաններից դուրս, համաձայն կոնվենցիայի N 13 հավելվածի, կիրառվում են սույն կարգի դրույթները:».

3) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Խորհրդական` անձ, որը համապատասխան որակավորման առկայության դեպքում` պետության կողմից նշանակվել է հետաքննության ընթացքում տվյալ պետության լիազոր ներկայացուցչին օգնություն տրամադրելու նպատակով:».

4) 9-րդ կետում «կամ» բառը փոխարինել «դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում և վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը, իսկ» բառերով.

5) 12-րդ կետում «30» թիվը փոխարինել «100» թվով, իսկ «10» թիվը` «30» թվով.

6) 21-րդ կետում`

ա. «Պետությունների լիազոր ներկայացուցիչների մասնակցության աստիճանը սահմանվում է կոնվենցիայի N 13 հավելվածով: Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ և նրա վերահսկողության ներքո նրանք կարող են`» բառերը հանել.

բ. կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Պետությունը, որն իրավունք ունի նշանակելու լիազոր ներկայացուցչին, իրավունք ունի նաև նշանակելու մեկ կամ մի քանի խորհրդականների` հետաքննության ընթացքում նրան օգնություն ցուցաբերելու համար:

Նշված դրույթները նպատակ չունեն խոչընդոտելու որևէ պետությանը, որը մասնակցում է հետաքննությանը, ներգրավելու ցանկացած կազմակերպությունից ամենաբարձր որակավորում ունեցող տեխնիկական մասնագետների և նման փորձագետներին նշանակելու որպես իրենց լիազոր ներկայացուցչի խորհրդականներ:

Գրանցման պետությունը կամ շահագործողի պետությունը նշանակում է մեկ կամ մի քանի խորհրդականների, ովքեր առաջարկվել են շահագործողի կողմից` որպես օգնություն իր լիազոր ներկայացուցչին:

Այն դեպքերում, երբ ոչ գրանցման պետությունը, ոչ շահագործողի պետությունը չեն նշանակում լիազոր ներկայացուցիչ, ապա հետաքննությունն անցկացնող պետությունը կարող է շահագործողին հրավիրել մասնակցելու հետաքննությանը` համաձայն հետաքննություն անցկացնող պետության կանոնների:

Նախագծողի պետությունը և արտադրող պետությունն իրավունք ունեն նշանակելու մեկ և ավելի խորհրդականներ, որոնց առաջարկել են օդանավի տիպային կառուցվածքի ու վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպությունները` իրենց լիազոր ներկայացուցիչներին օգնություն ցույց տալու համար:

Այն դեպքերում, երբ ոչ նախագծողի պետությունը և ոչ էլ արտադրող պետությունը չեն նշանակել լիազոր ներկայացուցիչ, ապա հետաքննությունն անցկացնող պետությունը կարող է հրավիրել մասնակցելու այն կազմակերպություններին, որոնք պատասխանատու են օդանավի տիպային կառուցվածքի և վերջնական հավաքի համար` համաձայն հետաքննությունն անցկացնող պետության կանոնների:

Լիազոր ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերող խորհրդականներին թույլատրվում է իրենց ղեկավարության ներքո մասնակցել հետաքննությանը` այն չափով, որն անհրաժեշտ է հետաքննությանն այդ ներկայացուցիչների արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար:

Հետաքննությանը մասնակցությունն իրավունք է ընձեռում մասնակցելու հետաքննության բոլոր ասպեկտներում հետաքննության գծով լիազորի հսկողության ներքո, այդ թվում` նաև`».

7) 34-րդ կետից հանել «ավիացիոն կոմիտեի հետ համաձայնեցնելով,» և «Ծանուցագիրը կազմվում է կոնվենցիայի N 13 հավելվածին և սույն կարգի 62-րդ կետին համապատասխան:» բառերը.

8) 39-րդ կետի «թ» ենթակետից հանել «և իրավապահ մարմիններին» բառերը.

9) 55-րդ կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ելնելով ավիացիոն պատահարների կանխարգելման նկատառումներից` անհրաժեշտ է հրապարակել վերջնական հաշվետվությունը` հնարավորինս սեղմ ժամկետներում և, եթե հնարավոր է, պատահարից հետո 12 ամսվա ընթացքում: Եթե հնարավոր չէ հաշվետվությունը հրապարակել 12 ամսվա ընթացքում, հարկավոր է հրապարակել միջանկյալ հաշվետվությունը` պատահարի յուրաքանչյուր տարին լրանալուն պես` մանրամասն շարադրելով հետաքննության ընթացքը` ներառյալ թռիչքային անվտանգության վերաբերյալ առաջացող ցանկացած հարցերի մասին տեղեկատվությունը:».

10) 57-րդ կետում`

ա. «պատահարի կամ լուրջ միջադեպի քննությունը նշանակած լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ավիացիոն պատահարի (միջադեպի) մասին նախնական հաշվետվություն և տեղեկատվական հաշվետվություն կազմելիս հետաքննությունն անցկացնող պետության պատասխանատվությունը նախատեսված է կոնվենցիայի N 13 հավելվածում:»,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նախնական հաշվետվությունը, տեղեկատվական հաշվետվությունն ավիացիոն պատահարի (միջադեպի) մասին կազմվում են կոնվենցիայի N 13 հավելվածի և Ավիացիոն պատահարների (միջադեպերի) մասին տվյալների ներկայացման ձեռնարկին (Դոկ 9156) համապատասխան, որը պարունակում է ավիացիոն պատահարի (միջադեպի) մասին նախնական հաշվետվությունը և տեղեկատվական հաշվետվություն կազմելու վերաբերյալ ուղեցույց նյութերը:».

11) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59. Պատահարի քննության նյութերը (վերջնական հաշվետվությունը` աշխատանքային խմբերի հաշվետվությունների հավելմամբ և դրանց կցված նյութերով) հաստատվելուց հետո պահպանվում են գլխավոր վարչությունում:

Պատահարի վերջնական հաշվետվությունը հաստատման պահից 10-oրյա ժամկետում ուղարկվում է`

1) ավիացիոն կոմիտե.

2) իրադարձության վայրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն.

3) շահագործողին.

4) oդանավը նախագծող կազմակերպություն.

5) նախաքննությունն իրականացնող իրավապահ մարմին.

6) օդանավի տիպի կառուցվածքի և վերջնական հավաքման համար պատասխանատու կազմակերպություններ.

7) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն.

8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (համատեղ հանձնաժողովով` պատահարի քննության դեպքում).

9) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (Հայաստանի Հանրապետության տարածքում oտարերկրյա oդանավի հետ կապված քննության դեպքում` ըստ հարցման).

10) պատահարի քննությանը մասնակցող բոլոր շահագրգիռ պետությունների քաղաքացիական ավիացիայի լիազորված մարմիններ:».

12) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«60. Լուրջ միջադեպի քննության նյութերը հաստատվելուց հետո պահպանվում են գլխավոր վարչությունում: Լուրջ միջադեպի վերջնական հաշվետվությունն ուղարկվում է`

1) ավիացիոն կոմիտե.

2) oդանավը նախագծող կազմակերպություն.

3) շահագործողին.

4) քննությանը մասնակցող բոլոր շահագրգիռ պետությունների քաղաքացիական ավիացիայի լիազորված մարմիններ:

Եթե քննության ընթացքում հայտնի է դառնում կամ առաջանում են կասկածներ, որ տեղի է ունեցել ապօրինի միջամտություն, ապա հանձնաժողովի նախագահն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դրա մասին շահագրգիռ պետությունների ավիացիոն անվտանգության համապատասխան մարմիններին տեղեկացնելու համար:».

13) 61-րդ կետից հանել «, և դիմում է ավիացիոն կոմիտե` վերջինիս կողմից պատահարի քննության լիազոր ներկայացուցիչ նշանակելու համար» բառերը.

14) 62-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Երբ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է շահագործողի պետություն, գլխավոր վարչությունը, ստանալով ծանուցումը, սեղմ ժամկետում, օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող արագ միջոցները, իրադարձության վայրի պետությանը ներկայացնում է մանրամասն տեղեկատվություն օդանավում առկա վտանգավոր բեռների մասին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: