29 Դեկտեմբերի 2007, 1577 - Ն
«ԵՐԵՎԱՆԻ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ «Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որին`
1) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևանի Նոր Նորքի Մառի փողոցի 17/1 հասցեում գտնվող «Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 21051.2 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 8632.15 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 692.18 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 517.15 գծամետր երկարությամբ պարիսպը և 1.0788 հեկտար հողատարածքը.
2) սեփականության իրավունքով հանձնվում է 6734.105 հազ. դրամ արժողությամբ գույք, որից` 5051.815 հազ. դրամ արժողությամբ հիմնական միջոցներ և 1682.290 հազ. դրամ արժողությամբ արագամաշ առարկաներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում կատարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` սահմանված կարգով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`
1) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
3) Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմում Երևանի Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսանողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: