23 Սեպտեմբերի 2004, 1362 - Ն
«ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՐԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աղքատության կրճատման աջակցության վարկ» ծրագրի նախապայմաններով պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական ոլորտի բարելավման միջոցառումները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբին՝ մինչև «Աղքատության հաղթահարման աջակցության վարկ 2»-ի հատկացումը`
ա) մշակել պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու միջոցառումների ծրագիր,
բ) նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան` ԻՍՕ-ի (Ստանդարտների միջազգային կազմակերպություն) կողմից հավատարմագրված անկախ կառույցի ձևավորմանը, որը կապահովի պարենային ապրանքներ արտադրողներին և ներկրողներին սպասարկող մասնավոր լաբորատորիաների` միջազգային նորմերին համապատասխանության հավաստումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։