Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2007, 1543 - Ն

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց (ցանցի շահագործում)» գործունեության տեսակի լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`

Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 Ռ. Նազարյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

 Գ. Մհերյան - ՀՀ Նախագահի օգնական

 Գ.Կոստանյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 Կ.Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 Ս.Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ

 Գ.Գևորգյան  - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ

 Գ.Բալոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 2. Հաստատել մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

3. Մրցութային հանձնաժողովին` անցկացնել մրցույթ և մրցույթի արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել 880-890 ՄՀց, 925-935 ՄՀց, 1745-1765 ՄՀց, 1840-1860 ՄՀց, 1910-1915 ՄՀց, 1950-1965 ՄՀց, 2140-2155 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների ազատումը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում վարել բանակցություններ միջազգային իրավախորհրդատու Վ. Յաղուբյանի հետ` մրցութային հանձնաժողովին իրավական բնույթի խորհրդատվություն տրամադրելու համար համապատասխան պայմանագիր կնքելու նպատակով:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում սույն որոշման 5-րդ կետում նշված բանակցությունների արդյունքում կնքել համապատասխան պայմանագիր միջազգային իրավախորհրդատու Վ. Յաղուբյանի հետ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: