Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2004, 1355 - Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱԻՉԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ «ԲՆՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԷՔՍՊՈ-2005» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հոկտեմբերի 27-ի N 528-Ա որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ-2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ-2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ժամանակացույցը և ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ քննարկել Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ-2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ֆինանսավորման հետ կապված ծախսերը՝ համաձայն N 2 հավելվածի, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում ներառելու հնարավորության հարցը:

4. Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ-2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և միջոցառումների ժամանակացույցով 2004 թվականի ընթացքում նախատեսված անհետաձգելի աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել մինչև 48840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերում» հոդվածով):

5. Ընդունել ի գիտություն Ճապոնիայի կառավարության կողմից նախատեսվող աջակցությունն ըստ ծախսային հոդվածների՝ համաձայն N 3 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ-2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին:

7. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել պայմանագրերը գնահատող և աշխատանքները (ցուցանմուշներ, տեքստային, տեսաժապավենային և այլ տեղեկատվական նյութեր) ընդունող հանձնաժողով` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի գլխավորությամբ:

8. Հաստատել Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ-2005» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության ազգային օրվա միջոցառումներին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը՝ համաձայն N 4 հավելվածի:

9. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` բացել լրացուցիչ բանկային ենթահաշիվ` Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ-2005» համաշխարհային ցուցահանդեսի ֆինանսական միջոցները կուտակելու նպատակով: Աշխատանքները կատարել ըստ աշխատանքային պայմանագրերի և վարել առանձին հաշվապահական հաշվառում:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` ապահովել արտահանվող ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների մաքսային ձևակերպումներն ըստ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ցանկերի:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել սպասարկող անձնակազմի, ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների տեղափոխումը:

12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` կազմակերպել պաշտոնական պատվիրակությունների և սպասարկող անձնակազմի ելքի թույլտվությունների տրամադրումը «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։