Կառավարության որոշումներ

20 Դեկտեմբերի 2007, 1509 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաստանի, որպես կայուն, ապահով ու ձեռնարկատիրական գործունեության, ներդրումների համար բարենպաստ և զբոսաշրջության համար գրավիչ երկրի, նկարագիրը ձևավորելու ու միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Սմարթ Մեդիա» կազմակերպության առաջարկությանը Հայաստանը ներկայացնող վավերագրական ֆիլմ նկարահանելու, «Գեղեցիկ աշխարհ» ֆիլմաշարում ներառելու և հանրաճանաչ հեռուստաալիքներով հեռարձակելու վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին`

1) ապահովել «Սմարթ Մեդիա» կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված հիմնական պայմաններով` պայմանագիրը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ.

2) պայմանագրի հիման վրա սույն որոշման 4-րդ կետով նախատեսված գումարը որպես կանխավճար տրամադրել «Սմարթ Մեդիա» կազմակերպությանը:

3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի։

4. «Սմարթ Մեդիա» կազմակերպության կողմից Հայաստանը ներկայացնող ֆիլմի նկարահանման, «Գեղեցիկ աշխարհ» ֆիլմաշարում այն ներառելու և հանրաճանաչ հեռուստաալիքներով հեռարձակելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 46128.74 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։