13 Դեկտեմբերի 2007, 1490 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 532 ԵՎ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 379 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները (այսուհետ` նորմատիվներ)` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները (այսուհետ` նորմատիվներ)` համաձայն N 2 հավելվածի.
3) հանրակրթական դպրոցներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները (այսուհետ` նորմատիվներ)` համաձայն N 3 հավելվածի.
4) հատուկ (օժանդակ) հանրակրթական դպրոցներին, ընդհանուր տիպի մանկատներին, երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները (այսուհետ` նորմատիվներ)` համաձայն N 4 հավելվածի.
5) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին (քոլեջներին) և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները (այսուհետ` նորմատիվներ)` համաձայն N 5 հավելվածի.
6) բարձրագույն ուսումնական հաստատություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները (այսուհետ` նորմատիվներ)` համաձայն N 6 հավելվածի.
7) ծերերի և հաշմադամների տուն-ինտերնատներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները (այսուհետ` նորմատիվներ)` համաձայն N 7 հավելվածի.
8) մասնագիտացված մանկատներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները (այսուհետ` նորմատիվներ)` համաձայն N 8 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
1) հաշվարկային մակերես` շենքի, շինության բոլոր սենքերի մակերեսների հանրագումարը` բացառությամբ օժանդակ սենքերի մակերեսների.
2) օժանդակ սենքեր` սենքի, շինության հաշվարկային մակերեսում չներառված սենքերը, այդ թվում` միջանցքներ, նախամուտքեր, հանդերձարաններ, անցումներ, նկուղներ, աստիճանավանդակներ, վերելակային հորեր, ներքին բաց աստիճաններ և թեքահարթակներ, ինչպես նաև ինժեներատեխնիկական սարքավորումների և ցանցերի տեղադրման համար նախատեսված վերգետնյա և ստորգետնյա տարածքներ.
3) այլ տարածքներ` սույն նորմատիվների սենքերի կազմում չներառված, սակայն տվյալ կազմակերպության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ գործառնական տարածքներ:
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված տարածքների հաշվարկային մակերեսների նորմատիվները ենթակա են կիրառման շենքերի և շինությունների սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, լուսավորվածության, ինչպես նաև տարահանման նորմատիվային պահանջների կատարման ապահովմամբ:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված նորմատիվները չեն տարածվում պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող շենքերի և շինությունների, ինչպես նաև մշակույթի և արվեստի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման վրա` բացառությամբ միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցների, գեղարվեստական (երաժշտություն, պարարվեստ, կերպարվեստ, թատրոն, կիրառական արվեստ) ուղղվածությամբ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև 7-ամյա կրթությամբ երաժշտական դպրոցների:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի «Պետական հիմնարկներին տրամադրվող տարածքների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 532 և մայիսի 3-ի «Նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրվող տարածքների նորմատիվները հաստատելու մասին» N 379 որոշումները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: