23 Դեկտեմբերի 2007, 1484 - Ն
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N 351 ու 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշումների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող շինարարությունում գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանվող նորմերի և նորմատիվների կիրառումը պարտադիր է`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, այդ թվում` վարկերի (եթե վարկային պայմանագրով այլ բան նախատեսված չէ), համայնքին տրամադրվող սուբվենցիաների, համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով գումարների, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար.
2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման համար։
2. Ոչ պետական բյուջեի միջոցների, այդ թվում` համայնքային բյուջեների հաշվին իրականացվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների և շինարարության նախահաշվային արժեքների որոշման (հաշվարկման) մասով գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերը կրում են խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Քաղաքաշինական փաստաթղթերի (ծրագրային և ճարտարապետաշինարարական) մշակման աշխատանքների արժեքի հաշվարկման կարգ», «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգ», «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգ», «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների խոշորացված ցուցանիշների ժողովածու» (ՇԱԽՑ), «Գործող շինարարական աշխատանքների գործամիավորների վարձաչափերի կատալոգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթերի` սահմանված կարգով հաստատումն ու պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների խոշորացված ցուցանիշների ժողովածու» (ՇԱԽՑ), «Գործող շինարարական աշխատանքների գործամիավորների վարձաչափերի կատալոգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարբերաբար լրամշակման ու հրատարակման աշխատանքների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։