Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2007, 1408 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1-ին հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը՝ համաձայն հավելվածի:

2. Ճանապարհը տնօրինող պետական մարմինների ղեկավարներին` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու պայմանները սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ստորագրած վարչական ակտի (հրամանի) հիման վրա:

3. Առաջարկել ճանապարհը տնօրինող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում` որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունները մատուցելու համար պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի հետ` ծառայությունը մատուցելու պայմանները սահմանելով պայմանագրով:

4. Սահմանել, որ, բացի որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայություններից, մյուս ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: