2 Մարտի 2023, 156 - Ա
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 900,000,000 դրամ արժողությամբ «Հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: