18 Սեպտեմբերի 2019, 635 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N Մ-1173-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» ծրագրի մասին» N Մ-1173-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «790,540,000 դրամ ընդհանուր արժողությամբ» բառերը փոխարինել «894,939,900 դրամ ընդհանուր արժողությամբ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Միլ-Նար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08913743) 2019 թվականի հունիսի 20-ին կնքված N 19/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հենասյուների և հենակների պատրաստման ու առաքման ծառայությունների մատուցում՝ 9,251,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արմսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00462722) 2019 թվականի հունիսի 20-ին կնքված N ԱԷԼ-01/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի և Լոռու մարզերի մի քանի համայնքների փողոցների արտաքին լուսավորության շինմոտաժման աշխատանքների իրականացում՝ 44,272,112 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: