Վարչապետի որոշումներ

25 Օգոստոսի 2011, 800 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2011 թվականի օգոստոսի 22-26-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ «26-րդ ունիվերսիադա» միջազգային ֆորումի փակման արարողությանը, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության հետ երկկողմ հանդիպումներին մասնակցելու համար:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ա. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Ա. Ոսկանյանին 2011 թվականի օգոստոսի 24-26-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության հետ երկկողմ հանդիպումներին մասնակցելու համար:
3. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), ինչպես նաև Ա. Ավետիսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ոսկանյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ լուծել պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: