Վարչապետի որոշումներ

12 Հուլիսի 2011, 642 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի նիստի «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ծրագրի մասին» N 43 արձանագրային որոշման (այսուհետ` որոշում) պահանջների կատարումն ապահովելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 2011 թվականի ընթացքում կազմակերպել Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման նախապատրաստական աշխատանքները` օգտագործելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հնարավորությունները և համագործակցելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայության հետ, հիմնվելով Եվրոպական միության երկրներում կիրառվող նորմատիվային փաստաթղթերի վրա:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույն որոշման ընդունմանը հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ներկայացնել որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և դրանց մշակման ժամանակացույցը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում, որոշման N 2 աղյուսակի 2-րդ կետի պահանջների կատարման նպատակով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել առաջարկություններ էներգախնայողության բնագավառում նշված պետական մարմինների լիազորությունների սահմանների, ինչպես նաև գործառույթների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`
1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման կատարմանն ուղղված անհրաժեշտ իրավական ակտերի համալիր ցանկի ընդունման ժամանակացույցը.
2) ամփոփել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ներկա-յացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել էներգախնայողության ոլորտի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համատեղ լիազորություններն ու գործառույթները սահմանող կարգ: