16 Ապրիլի 2010, 254 - Ա
ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 36-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 27-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանը և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովը 2010 թվականի մայիսի 10-14-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ նախապատրաստել միջոցառումների անցկացման և դրանց մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժ. Դյուֆի՝ Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրերը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) հյուրերին տեղավորել հյուրանոցներում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանում գտնվելու և միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 33165500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։