Վարչապետի որոշումներ

12 Հունիսի 2009, 476 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2009 թվականի մայիսի 20-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 2-ին վավերացված «Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը և Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը 500.0 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով պետական վարկի միջոցների տրամադրման հանգամանքը`
1. Սահմանել, որ պետական վարկի միջոցներն օգտագործվելու են հետևյալ ուղղություններով`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Աղետի գոտում իրականացվող վերականգնողական ծրագրի գծով ծախսերի ֆինանսավորում.
2) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորում.
3) Կայունացման հիմնադրամի ձևավորում։ Կայունացման հիմնադրամի միջոցները նախատեսվում են`
ա. տնտեսության, այդ թվում` համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման,
բ. ազգային հիփոթեքային ընկերությանն աջակցության,
գ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման,
դ. անհրաժեշտության դեպքում` օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ ուղղություններով օգտագործելու համար։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վարկի միջոցների շրջանառությունն արտացոլել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և դրա կատարման հաշվետվություններում, ինչպես նաև ապահովել պետական վարկի միջոցների ծախսման առանձնացված հաշվառում։