Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2005, 355 - Ա

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 31-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-96-Ն հրամանագրի 2.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացված` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի նախագծի շուրջ կորպորացիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու և այն ստորագրման նախապատրաստելու նպատակով`

1. Ստեղծել մինչև 12 մարդուց բաղկացած աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի կազմում ըստ անհրաժեշտության ընդգրկել տնտեսական աճի և աղքատության կրճատման վերլուծությունների, մոնիտորինգի ու գնահատման, մասնակցային և խորհրդակցական գործընթացների կազմակերպման, արտաքին կապերի, ոռոգման ենթակառուցվածքների, ճանապարհային ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, բնապահպանության, գնումների, ֆինանսական կառավարման ու հաշվետվությունների մասնագետներ, ինչպես նաև տեխնիկական սպասարկման անձնակազմ (գործավար-ռեֆերենտ, թարգմանիչ):

2. Սահմանել, որ աշխատանքային խմբի անհատական կազմը, խմբի աշխատանքների կազմակերպման ու իրականացման կարգը հաստատում և խմբի անդամների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

3. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` միջոցներ ձեռնարկել աշխատանքային խմբին աշխատանքային պայմաններով ապահովելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով առաջարկություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն, ինչպես նաև աջակցության համար դիմել միջազգային դոնոր կազմակերպություններին:

5. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը, ինչպես նաև ապահովել խմբում ընդգրկված աշխատողների մասնակցությունն աշխատանքային խմբի գործունեությանը: