Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2005, 308 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների շահագործման անվտանգությունն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ համատեղ`

ա) 10-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետությունում կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքավորումների անվտանգության ապահովման պահանջների մասին տեխնիկական կանոնակարգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման.

բ) 4-ամսյա ժամկետում ապահովել գազի վառարանների և գազի կաթսաների փորձարկման լաբորատորիայի ստեղծումը և հավատարմագրումը՝ հաշվի առնելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական միջոցների օգտագործման հնարավորությունը:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝

ա) երկամսյա ժամկետում հաստատել գազի վառարանների և գազի կաթսաների վերաբերյալ ազգային ստանդարտները.

բ) գազի վառարանների և գազի կաթսաների փորձարկման լաբորատորիայի հավատարմագրումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել միջոցներ` գազի վառարանների և գազի կաթսաների համապատասխանության հավաստումն ապահովելու համար.

գ) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված միջոցառումների իրականացումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման մեջ լրացում կատարելու վերաբերյալ առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման` գազի վառարանները և գազի կաթսաները համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքների ցանկում ընդգրկելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացրած ֆինանսական հայտն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: