16 Փետրվարի 2009, 98 - Ա
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության էներգետիկայի աշխատանքային խմբի նիստը և կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը 2009 թվականի մարտի 18-20-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` նախապատրաստել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության էներգետիկայի աշխատանքային խմբի նիստի և կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպման անցկացման ծրագրերը և ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության էներգետիկայի աշխատանքային խմբի նիստի և կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպման անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 13191700 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվությունների։