Վարչապետի որոշումներ

2 Փետրվարի 2009, 57 - Ա

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈԺԵՂԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս ԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մանրածախ առևտրի և բնակչությանը ծառայությունների մատուցման առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն ու շահագործումն ապահովելու և հսկողությունն ուժեղացնելու նպատակով`
1. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`
1) իրենց իրավասությունների սահմաններում ձեռնարկել համապատասխան միջոցներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության առանձին ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների կողմից` սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն ու կիրառումն ապահովելու համար.
2) մինչև 2009 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների (որոնց իրականացման դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր է) լիցենզավորման կարգերը սահմանող որոշումներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։ Մասնավորապես`
ա. լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում նախատեսել լիցենզավորվող սուբյեկտի կողմից գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելու վերաբերյալ պահանջը,
բ. որպես լիցենզիայի գործողության կասեցման հիմք` նախատեսել գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայությունը,
գ. տվյալ օրացուցային տարում գործունեության լիցենզավորման մերժման հիմքերում նախատեսել նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաները կիրառողների գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` համապատասխան լիցենզավորող մարմիններ ներկայացնել տեղեկատվություն գործունեության տվյալ ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաներ չտեղադրած և այն հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների մասին, որոնց գործունեությունը կասեցվել է 10 օրով։