Վարչապետի որոշումներ

20 Նոյեմբերի 2008, 932 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ Տ. Սեյրանյանին (աշխատանքային խմբի ղեկավար), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժնի պետի պաշտոնակատար Ա. Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դ. Հակոբյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ Մ. Արաբյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ

Գ. Ներսիսյանին 2008 թվականի նոյեմբերի 24-26-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության` արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի ստեղծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Եվրոպական միության անդամ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման գործընթացի քննարկմանը մասնակցելու համար։

2. Ա. Հարությունյանի, Դ. Հակոբյանի, Մ. Արաբյանի և Գ. Ներսիսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Տ. Սեյրանյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ Տ. Սեյրանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։