Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2008, 303 - Ա

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների 2008 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «12. Հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին և «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 25.3 աղյուսակում նշված ճամբարներում 2008 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2008 թվականի հունիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող դպրոցականների ցուցակները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ` Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2008 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող դպրոցականների անվտանգ փոխադրումը: