Վարչապետի որոշումներ

17 Հունիսի 2022, 707 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 20-21-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Սուրեն Վարոսյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Արմեն Խաչատրյանինը, Կարեն Գասպարյանինը, Արման Ղազարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արման Շահինյանինը և Ալեքսանդր Աբրահամյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Լիանա Խալաթյանինը և Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արմեն Արզումանյանինը և Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2022 թվականի հունիսի 20-ին՝ Երևան-Մինսկ, իսկ հունիսի 21-ին՝ Մինսկ-Երևան երթուղով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին։

հավելված

 

Արխիվ

2024

2023