14 Հունիսի 2022, 681 - Ա
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-17-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի հունիսի 16-17-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի անցկացման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին`
1) ապահովել նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
3) նիստի մասնակիցներին ապահովել փոխադրամիջոցներով.
4) ապահովել միջոցառման անցկացման համար սրահների և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների վարձակալությունը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին՝
1) ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.
2) ապահովել նիստի մասնակիցների դիմավորումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների սրահներում։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումն ու ճանապարհումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման համար սրահների վարձակալության և կահավորման, արարողակարգային միջոցառումների և նախապատրաստական այլ աշխատանքների հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: