27 Հունվարի 2022, 111 - Ա
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 181-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի
նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
37-րդ հոդվածը՝
1. Ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
2. Հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել, որ խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
(այսուհետ՝ հանձնաժողով):
5. Խորհրդին՝
1) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2023 թվականի հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 181-Ա որոշումը: