20 Հունվարի 2022, 72 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով`
1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.
2) պարտադիր ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.
3) հայեցողական ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ գերատեսչությունների կողմից սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.
4) շարունակական ծախսեր են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված և հետագա տարիներին շարունակվող հայեցողական ծախսերը.
5) գոյություն ունեցող ծախսային պարտավորություններ են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված պարտադիր և հայեցողական ծախսային պարտավորությունները.
6) նոր նախաձեռնություններ են հանդիսանում այնպիսի ծախսային առաջարկները, որոնք ենթադրում են գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների հիմքում ընկած ծառայությունների կամ պետության այլ միջամտությունների, ինչպես նաև դրանց գծով շահառուների շրջանակի փոփոխություն:
3. Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում սահմանված ժամկետներում ապահովել 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ՝ 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան և առաջնորդվելով սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 7-րդ կետով նախատեսվող նախնական չափաքանակներով.
2) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 15-րդ, 22-րդ և 32-րդ կետերով նախատեսված՝ բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառվող ծրագրերի միջոցառումների ծախսակազմումներն ավտոմատացնելու համար վերջիններս մուտքագրել այդ նպատակով մշակված նոր ծրագրում.
3) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 19-րդ կետով նախատեսված՝ ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում, տվյալ ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, բյուջետային հայտերի շուրջ քննարկումները հնարավորության դեպքում կազմակերպել առցանց ձևաչափով.
4) «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հաստատված հատկացումների եռամսյակային բաշխվածությունը՝ համապատասխան հավելվածներով.
5) «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2023 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը.
6) Հայաստանի Հանրապետության 2023 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը, ներառյալ՝ փորձաքննության դրական եզրակացությունը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահներին՝
1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ իրականացնել սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 28-րդ կետով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումները.
2) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 29-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան ԲԳԿ-ներին տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությունները:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով: