11 Նոյեմբերի 2021, 1282 - Ա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը 2021 թվականի նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) ապահովել նիստի կազմակերպչական աշխատանքների պատշաճ մակարդակով իրականացումը, նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.
2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառման անցկացման վայրերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել միջոցառման անցկացման վայրերում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային կանոնների պահպանումը և սանիտարահիգիենիկ պայմանները, միջոցառման վայրերում բոլոր մասնակիցների ջերմաչափումը և, ըստ անհրաժեշտության, միջոցառման մասնակիցների, կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավված և սպասարկման ոլորտի աշխատակիցների թեստավորումը (ՊՇՌ մեթոդով), շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության, մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
5. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նիստի անցկացման հետ կապված վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթների սպասարկումը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման, պատվիրակությունների կեցության, միջոցառման անցկացման վայրերում կատարվելիք կահավորման և նախապատրաստական այլ աշխատանքների, առողջապահական և արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: