4 Նոյեմբերի 2021, 1250 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում կրթահամալիրներ ձևավորելու և առանձին գործող կրթական հաստատություններում կրթության որակի բարելավման առաջարկն ու չափորոշիչները՝ ապահովելով հանրակրթական և նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը,
բ. կազմել կրթահամալիրներն ու առանձին գործող հաստատությունները գույքով և սարքավորումներով համալրելու առաջարկ, ներառյալ՝ սարքավորումների և գույքի ցանկերն ու տեխնիկական բնութագրերը,
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում գործող և շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների ցանկը՝ ըստ անհրաժեշտության,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, քաղաքաշինության կոմիտեի նախագահի և Սյունիքի մարզպետի հետ համատեղ կազմել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի քաղաքային բնակավայրերում նախադպրոցական և հանրակրթական որակյալ ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների բարելավման և գույքով հագեցման աշխատանքների առաջարկ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնամսյա ժամկետում սույն որոշման 3-րդ կետն ամփոփելով՝ կազմել ծրագրային գործողությունների իրականացման նախահաշիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ միջոցների վերաբաշխման առաջարկ։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի հետ համատեղ կազմել անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների նկարագիրն ու նախահաշիվը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված ցանկում ներառված կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների շենքային պայմանները և ներկայացնել առաջարկություններ՝ անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։