6 Հուլիսի 2021, 719 - Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 955-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման հավելվածի 4.8-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 90.3-րդ կետի, և Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրի դրույթներով ստանձնած պարտավորությունների՝
1. Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
2. Հաստատել`
1) խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին՝
1) 3-ամսյա ժամկետում հաստատել խորհրդի անհատական կազմը.
2) խորհրդի գործունեության մասնագիտական և փորձագիտական աշխատանքներն ապահովելու նպատակով 3-ամսյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական մշտական աշխատանքային խմբեր, հաստատել դրանց կազմերը և աշխատակարգերը:
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին՝ 1-ամսյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության՝ խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:
5. Խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին տեղեկացնել խորհրդում իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 955-Ա որոշումը: