Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2020, 772 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 668-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավար հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 668-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Գրասենյակի նպատակներն են՝
1) սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը.
3) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանը, հայրենադարձության և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ուղղված՝ հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը:».
2) 11-րդ կետում՝
ա. 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) սփյուռքի ներուժի թիրախային գնահատումը և գործիքակազմի մշակումը, համահայկական ցանցի ստեղծումը, գիտական, մասնագիտական հմտությունների և փորձի գնահատման ու դասակարգման նպատակով քարտեզագրումը, ինչպես նաև սփյուռքի կառույցների հետ համահայկական օրակարգի ձևավորումը.
2) Հայաստան-սփյուռք գործակցության, այդ թվում՝ հայրենադարձության ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաև առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.»,
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգի մշակումը և զարգացումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու զարգացումը:»,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 6-րդ ենթակետերը,
3) 12-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) մշակում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարություններ, իսկ առանձին բնագավառներում՝ Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններ և համապատասխան առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին.»,
բ. 2-րդ ենթակետը «նախագծերը» բառից հետո լրացնել «և ռազմավարական նախաձեռնությունները» բառերով,
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը և առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին տարբեր ոլորտներում համահայկական ցանցերի և կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ.»,
դ. 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման, ազգային ինքնության պահպանման և համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառույցների դերակատարության բարձրացման ուղղությամբ.»,
ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունները,
զ. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7) սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման նպատակով՝ ըստ տարածաշրջանների չափագրում և քարտեզագրում է սփյուռքի ներուժը բոլոր ոլորտներում, ինչպես նաև աջակցում է սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.»,
է. 8-րդ ենթակետում «համախմբում է գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական ներուժի» բառերը փոխարինել «համախմբում է սփյուռքի ներուժի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) կառուցվածքում՝
1) դադարեցնել Եվրոպայի հայ համայնքների վարչության, Ամերիկայի հայ համայնքների վարչության, ԱՊՀ հայ համայնքների վարչության, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության, հայրենադարձության և հետազոտությունների վարչության, համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության գործունեությունը.
2) ստեղծել օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչություն.
3) սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչությունը և սփյուռքում տեղեկատվական ռազմավարության մշակման և իրականացման վարչությունը միաձուլել՝ ստեղծելով սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչություն.
4) համահայկական ծրագրերի վարչությունն անվանափոխել ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության:
3. Այդ կապակցությամբ հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչությունը.
2) ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչությունը.
3) օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչությունը:»: