30 Դեկտեմբերի 2019, 1986 - Ա
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման համաձայն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծելու նպատակով՝
1. Սահմանել, որ`
1) հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամներից.
2) հանձնաժողովի ստեղծման ժամանակ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են՝
ա. ի պաշտոնե՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը,
բ. ի պաշտոնե՝ Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ),
գ. մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցությունից (համաձայնությամբ),
դ. դատավորների ընդհանուր ժողովի կողմից լիազորված մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ),
ե. իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող վեց իրավաբան-գիտնական (համաձայնությամբ),
զ. հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ), ընդ որում, ներկայացուցիչների առաջադրման գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել.
3) hանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող է ընդգրկվել նաև երկու ներկայացուցիչ միջազգային կազմակերպություններից.
4) hանձնաժողովը համարվելու է կազմավորված սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անդամների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մինչև 2020 թվականի հունվարի 27-ը`
1) կազմել հանձնաժողովի անդամների թեկնածուների ցանկը՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված անդամների դեպքում՝ համաձայնեցման, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» և «զ» պարբերություններում նշված անդամների դեպքում՝ մրցութային ընթացակարգերի միջոցով.
2) կազմել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև հանձնաժողովի անհատական կազմը, գործունեության կարգը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին վարչապետի որոշման նախագիծը