11 Դեկտեմբերի 2019, 1884 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 449-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
1. Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել՝
1) դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի եզրակետային կոորդինատների ճշգրտման և չափագրման անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, ընդերքօգտագործող կազմակերպություններն իրավունք ունեն դիմելու լիազոր մարմին՝ իրենց միջոցների հաշվին համապատասխան որակավորման վկայական ունեցող անձանց կողմից՝ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների չափագրման, ճշգրտման աշխատանքներ իրականացնելու և ճշգրտված տվյալները ներկայացնելու նպատակով.
2) ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների չափագրման, ճշգրտման աշխատանքների արդյունքում ստացված ճշգրտված տվյալները 3-օրյա ժամկետում ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանը.
3) կազմել 2019 թվականի ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների ճշգրտված կազմակերպությունների ցանկը, իսկ 2020 թվականի ընթացքում ավարտել կոորդինատների ճշգրտում պահանջող ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների ճշգրտման և ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում փոփոխություն կատարելու աշխատանքները.
4) հանձնարարել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը վերլուծել ֆոնդային նյութերը և միջգերատեսչական աշխատանքային խմբին տրամադրել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասի կոորդինատների ճշգրտման անհրաժեշտության մասին տեղեկատվություն.
5) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակը քննարկել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների չափագրված ու ճշգրտված տվյալները և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ներկայացնել առաջարկություն՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում փոփոխություն կատարելու մասին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին»
N 449-Ա որոշումը: