Վարչապետի որոշումներ

1 Նոյեմբերի 2019, 1587 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու, ինչպես նաև համապատասխան ոլորտները համակարգող նախարարների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 1-3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամներից Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Լիլիթ Սարոյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Բաղրամյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցների հաշվին:
6. Ընդունել ի գիտություն, որ Արա Սիմոնյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հավելված