25 Հոկտեմբերի 2019, 1555 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 748-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 748-Լ որոշման հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով՝
«11.1. Կոմիտեի խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով կոմիտեի նախագահին կից կարող է ստեղծվել հասարակական խորհուրդ: Կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է կոմիտեի խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ կոմիտեի կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները կոմիտեի խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. կոմիտեի կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,
բ. կոմիտեի կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև կոմիտեի կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. կոմիտեի ընթացիկ գործունեության, կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:»։