4 Հոկտեմբերի 2019, 1408 - Լ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 8.1. բաժնով նախատեսված՝ «Մեկ կանգառ, Մեկ պատուհան» համակարգի վերջնական ներդրման վերջնաժամկետ է 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման առկա վիճակի գնահատման և ներդրման շարունակականությունն ապահովող 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրի պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։
3. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում յուրաքանչյուրն իր մասով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի ապրիլի 22-ի N ՆԿ-50-Ն կարգադրությանը համապատասխան ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1404-Ն որոշմամբ հաստատված համապատասխան միջոցառումների իրականացմամբ պայմանավորված՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման առկա վիճակի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն և նշված սկզբունքի ներդրման շարունակականությունն ապահովող 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրում ներառման ենթակա միջոցառումներ՝ կատարման ժամկետներով։
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն համապատասխան միջոցառումները ստանալուց հետո եռամսյա ժամկետում ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` միջոցառումների իրականացման 2020-2022 թվականների ծրագրի միջոցառումները։
5. Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումն ապահովող պետական կառավարման համակարգի մարմիների, պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։
6. Հանձնարարել սույն որոշման N 2 հավելվածով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններին և առաջարկել սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված պետական մարմիններին և կազմակերպություններին ապահովել արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումն էլեկտրոնային համակարգի միջոցով:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 185-Ա որոշմամբ ստեղծված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման աշխատանքային խմբին համակարգել սույն որոշման պահանջների կատարման ընթացքը: