Վարչապետի որոշումներ

17 Հունիսի 2019, 768 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 731-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 731-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 6-րդ կետում «0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն» բառերը փոխարինել «Անտառային փողոց 188» բառերով.
2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1 և 4.2-րդ ենթակետերով.
«4.1) տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատանքների կազմակերպման համակարգումը.
4.2) տեսչական մարմինների ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կատարելագործումը.»
3) 9-րդ կետի 10-րդ ենթակետը «իր իրավասության շրջանակներում» բառերից հետո լրացնել «զարգացման» բառով.
4) 9-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) տեսչական մարմինների թեժ գծերին ստացված առաջարկությունների և բողոքների վերլուծությունը և ամփոփումը».
5) 14-րդ կետի 8-րդ ենթակետում «առաջին փոխվարչապետի որոշումների և ցուցումների» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավարի որոշումների, ցուցումների, հրամանների» բառերով.
6) 14-րդ կետի 10-րդ ենթակետը «մյուս գրասենյակների» բառերից հետո լրացնել «քաղաքական, վարչական և» բառերով.
7) 14-րդ կետի 11-րդ ենթակետը «վարչապետին» բառից հետո լրացնել «, վարչապետի աշխատակազմի ղեկավարին» բառերով, իսկ «նրա» բառը փոխարինել «նրանց» բառով.
8) 16-րդ կետի 4-րդ ենթակետը «համագործակցում է» բառերից հետո լրացնել «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների,» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 731-Լ որոշմամբ հաստատված գրասենյակի կառուցվածքում.
1) ստեղծել նոր հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ.
ա. «կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչություն»,
բ. «շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչություն»,
գ. «շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչություն».
2) օրենսդրության կատարելագործման և մեթոդաբանության վարչությունն անվանափոխել օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության, իսկ տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների աշխատանքների համակարգման վարչությունն անվանափոխել որակի վարչության.
3) այդ կապակցությամբ 17-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«17. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչությունը.
2) որակի վարչությունը.
3) զարգացման ծրագրերի վարչությունը.
4) կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչությունը.
5) շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչությունը.
6) շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչությունը»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: