Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2019, 486 - Լ

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով՝
1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի, երկու տարի գործունեության ժամկետով:
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։
3. Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամների:
4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:
5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք:
6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:
9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

Հավելված