14 Փետրվարի 2019, 134 - Լ
ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ՝ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1427-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման հավելվածի 11-րդ կետի 13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակված ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին իրականացվելիք և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման ապահովումը.».
2) որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:»:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշմամբ հաստատված նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վարչություն» հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը.
2) ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Ծրագրերի իրականացման վարչություն» աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
3) այդ կապակցությամբ՝
ա. ուժը կորցրած ճանաչել որոշման 32-րդ կետի 15-րդ ենթակետը,
բ. որոշման 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.
«10) ծրագրերի իրականացման վարչություն:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։