Վարչապետի որոշումներ

30 Հուլիսի 2018, 1031 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 11-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ներկայացուցիչների հետ համատեղ ռուսական կողմին հատկացված շահագործման համար ոչ պիտանի ու քանդման ենթակա անշարժ գույքի համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավանների տարածքներում գտնվող անշարժ գույքի օբյեկտները հաշվառումից հանելու, քանդելու և այդ նպատակով առաջարկություններ ու անհրաժեշտ փաստաթղթերի նախագծեր ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` hանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն hավելվածի:
3. Հանձնարարել սույն որոշման հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և առաջարկել Գյումրու համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեին տրամադրել ներկայացուցիչների (ստորաբաժանման ղեկավարի կամ տեղակալի մակարդակով) վերաբերյալ տեղեկատվություն:
4. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի կազմակերպչական նիստը:
5. Միջգերատեսչական հանձնաժողովին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ներկայացուցիչների հետ համատեղ հստակեցնել անշարժ գույքի օբյեկտների ցանկը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավանների տարածքում և շահագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով ենթակա են քանդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատրաստել քանդման (ապամոնտաժման) համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ՝ հաշվի առնելով պատմական նշանակության օբյեկտների՝ օրենքով նախատեսված պատմական հուշարձանների պահպանության ու օգտագործման պահանջները և, ռուսական կողմի հետ համաձայնեցնելով, կարգավորել դրանց ապամոնտաժման մեխանիզմներն ու ապամոնտաժումից հետո մնացած գույքի տնօրինման խնդիրը.
2) կատարած աշխատանքների վերաբերյալ ստորագրված արձանագրությունը և հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հավելված