7 Մայիսի 2004, 304 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման ռազմավարության (այսուհետ՝ ռազմավարություն) մշակման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝
ա) մինչև 2004 թվականի հունիսի 15-ը խորհուրդ ներկայացնել իրենց համակարգման ոլորտների մասին վերլուծական-տեղեկատվական նյութեր՝ համաձայն N 2 հավելվածով սահմանված պահանջների.
բ) ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքում հնարավոր սեղմ ժամկետում խորհրդի պահանջով ապահովել իրենց իրավասության սահմաններում անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրումը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին համագործակցել խորհրդի հետ՝ ռազմավարության մշակման համար անհրաժեշտ տեղեկատվական, վերլուծական նյութերի տրամադրման և աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով:
4. Խորհրդին՝
ա) հաստատել խորհրդի աշխատակարգը.
բ) անցկացնել աշխատանքային հանդիպումներ (ըստ անհրաժեշտության).
գ) սույն որոշման ընդունումից հետո յուրաքանչյուր հաջորդ ամսվա վերջին Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի մասին.
դ) զանգվածային լրատվության միջոցներով ապահովել հասարակության իրազեկումը ռազմավարության հիմնական նպատակներին և խնդիրներին.
ե) անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություն խորհրդի կազմում քաղաքական կուսակցությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ.
զ) մինչև 2004 թվականի հոկտեմբերի 15-ը ռազմավարության նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի հետ վարել բանակցություններ՝ ռազմավարության մշակման աշխատանքներին օժանդակելու նպատակով: